Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ին դադարեցրել է հացադուլը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:
«Հարություն Սարգսյանի վիճակը նորմալ է, վտանգավոր ոչինչ չկա, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- ասացին լրատվական ծառայությունից:
Նշենք, որ Հարություն Սարգսյանը 33 օր գտնվում էր հացադուլի մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը: Մարտի 13-ին Հարություն Սարգսյանին մեղավոր ճանաչեցին եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման:



























