Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի գլխավորությամբ, այսօր՝  մարտի 18-ին, կայացել է «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ խորհրդի հերթական նիստը, որը հիմնականում անդրադարձել է 2013 թ. ապրիլին մեկնարկած Վ. Սարգսյան 3 հասցեում կառուցվող կառավարական շենքերի նոր համալիրի (այդտեղ է լինելու նաեւ ԱԳՆ-ն) շինարարական աշխատանքներին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Խորհրդի նախագահ` ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանին զեկուցվել է, որ այդ աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան: Արդեն ավարտված են մասնաշենքերի հիմնակմախքի շինարարական աշխատանքները, այժմ ընթանում են ինժեներական հաղորդակցուղիների մոնտաժային, ինչպես նաեւ քարե սալիկներով արտաքին ճակատների երեսպատման աշխատանքները: Նախատեսվում է մինչեւ ամսվա վերջ ավարտին հասցնել կառույցի կարկասի աշխատանքները:

Շինարարությունը նախատեսված է ավարտել 2015 թվականի վերջին:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2012 թ. դեկտեմբերի 29-ի  որոշմամբ` 2013 թվականի մարտի 29-ին «Տանգո» ընկերության դուստր «Սալսա դիվելոփմենթ» ՓԲԸ բաժնետոմսերը փոխանցման հանձնարարագրով հանձնվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Ընկերության կառավարումն արդյունավետ կազմակերպելու նպատակով` կառավարության որոշմամբ ստեղծվել է  խորհուրդ, որը գլխավորում է քաղաքաշինության նախարարը: Խորհրդում ընդգրկված են Երեւանի քաղաքապետի տեղակալը, ֆինանսների նախարարի խորհրդականը,  արդարադատության նախարարի տեղակալը, կառավարությանն առընթեր պետական գույքի  կառավարման վարչության պետի տեղակալը, քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի  տնօրենը: