Քալիֆորնիայում տասնյակ փոքր ձեռնարկություններ հայի կողմից գլխավորվող ընկերության հարկային մեքենայությունների զոհ են դարձել: Ինչպես գրում է «Los Angeles Times»-ը, այդ ընկերություննրի մոտ վերջերս հույս էր ծագել՝ հետ վերադարձնելու կորցրած գումարները, երբ ապահովագրական ընկերությունը հայտարարել էր, որ կփոխհատուցի 3 մլն դոլարը: «Մենք մեր ամբողջ գումարը չենք ստանա, բայց գոնե դրանց նշանակալի մասը կվերադարձնենք»,-ասել է լոսանջելեսյան ընկերություններից մեկի ղեկավարը:

Հիմնականում Հարավային Քալիֆորնիայի մոտ 150 ռեստորատորներ, ատամնաբույժներ, վարսավիրներ ու այլ ձեռներեցներ Սուրբ ծնունդին իմացել էին, որ «LA Payroll» ընկերությանը տեղական ու դաշնային հարկերի դիմաց վճարված գումարները անհետացել են ընկերության ղեկավար Թովմաս Գրիգորյանի հետ միասին: Լոս Անջելեսի ոստիկանությունը գործը փոխանցել է ՀԴԲ-ին, որը հետաքննություն է սկսել:

 «LA Payroll» մասնավոր ընկերության նախկին աշխատակիցները, որի միակ գրասենյակը ներկայումս փակ է, հաշվարկել են, որ կորուստները կազմել են 4 մլն դոլար: Ըստ նրանց՝ 56-ամյա Գրիգորյանն իրենց ասել է, որ տոներին մեկնելու է Փալմ-Սփրինգս, սակայն չի վերադարձել: Գրիգորյանի երկու բարեկամներ պատմել են, որ ոչինչ չգիտեին անհետացած գումարների մասին, սակայն գիտեն, որ տղամարդն ԱՄՆ-ից մեկնել է Հայաստան կամ Ռուսաստան: