Ռուսաստանը չէր կարող չարձագանքել Ղրիմի օգնության խնդրանքին, «այլապես դա դավաճանություն կլիներ»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղրիմի Հանրապետությունը ՌԴ-ի կազմում ընդունելու եւ Ռուսաստանի կազմում նոր սուբյեկտներ ձեւավորելու կապակցությամբ Կրեմլում ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի, ՌԴ մարզերի ղեկավարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջեւ:
Ըստ նրա՝ անհրաժեշտ էր պայմաններ ստեղծել, որպեսզի ղրիմցիները պատմության մեջ առաջին անգամ իրացնեին իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը:
Վլադիմիր Պուտինը վկայակոչել է Կոսովոյի նախադեպի վերաբերյալ ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի կայացրած որոշումներին՝ Ղրիմի հանրաքվեի իրավիճակում: «Ղրիմցիների գործողությունները հստակ համապատասխանում են դրանց», - հայտարարել է ՌԴ նախագահը:
Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի այն զինծառայողներին, որոնք Ղրիմում արյուն չեն հեղել, եւ հավելել, որ «ՌԴ զինված ուժերը Ղրիմ չեն մտել եւ Ռուսաստանը չի ավելացրել զորակայանում գտնվող զինվորների քանակը՝ 25 հազար մարդ»:




























