«Բանդայի գործով» մարտի 19-ին կայանալիք դատական նիստն ամենայն հավանականությամբ կհետաձգվի, քանի որ ամբաստանյալ Քյարամ Ամոյանին դատաբժշկական փորձաքննության դեռ չեն ենթարկել: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

«Դատը կկայանար, եթե Քյարամ Ամոյանը փորձաքննության ենթարկվեր, սակայն մեկ ամիս է անցել, բայց դեռ չեն արել»,- ասաց փաստաբանը:

Սամվել Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել, թե ինչու մեկ ամսվա ընթացքում փորձաքննությունը տեղի չունեցավ: Ամեն դեպքում ամբաստանյալի առողջական վիճակը օր օրի վատթարանում է:

«Երիկամներում կիստա ունի, անընդհատ պրիստուպներ է ունենում, դեղեր են անընդհատ սրսկում, որ դիմանա ցավերին: Հոգեկան առողջությունն էլ լավ չի. Մեկ հիշում է, մեկ լրիվ կորցնում իրեն»,- նշեց փաստաբանը՝ ավելացնելով, որ վերջին անգամ երեք օր առաջ է տեսել իր պաշտպանյալին:

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 19-ին ընդունեց «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի փաստաբան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալին դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: