Ներկայիս Ադրբեջանի տարածքում Թալիշստան պետության վերստեղծումն անդառնալի գործընթաց է: Նման կարծիք այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Երեւանի պետական համալսարանի Արեւելագիտութան ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը:

Ըստ նրա՝ այդ ուղղությամբ կարեւոր քայլ էր այն, որ փետրվարի 19-ին Եվրախորհրդարանում «Փոքրամասնությունների իրավունքները, հաշտեցումը ու Հարավային Կովկասում «ներքեւից» խաղաղության կառուցում» թեմայով քննարկմանը հրավիրված էր Ադրբեջանում չգրանցված «Թալիշական ազգային շարժում» կուսակցությանը:

Ինչպես Ոսկանյանն է նշել, ադրբեջանական պատվիրակությունը՝ Ադրբեջանի նախագահի վարչակազմի աշխատակից Հեյդար Միրզայի գլխավորությամբ, կտրուկ է արձագանքել Թալիշ-Մուղանական «ինքնահռչակ» ինքնավար հանրապետության ղեկավար Ալաքրամ Գումմատովի հայտարարություններին, ինչի արդյունքում նրանցից ոմանց ամոթալի կերպով դուրս են արել դահլիճից: Ըստ Ոսկանյանի՝ Ադրբեջանի ղեկավարությունը լրջորեն անհանգստանում է այդ իրադարձությունների կապակցությամբ, ինչի մասին վկայում են նախագահ Իլհամ Ալիեւի հրամանը՝ վերականգնելու ազգային քաղաքականության վերաբերյալ խորհրդականի պաշտոնը: