Մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, Արդարադատության ակադեմիայի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ կապված միջադեպին:

Նա նշեց, որ Ազգային ժողովում հնչեցված հայհոյանքը ինքը միջադեպ չի համարի, եւ ընդհանրապես, հայհոյախոսությունն իր լեքսիկոնում բացակայում է, բայց եթե որեւէ մեկը որոշի, որ կարող է այդկերպ իր հետ խոսել, ապա ինքը նրան կարող է որակել եւ կորակի արտաբերած բառի բառարանային բոլոր իմաստներով եւ ինչու չէ՝ նաեւ հարակից բառերով, «միգուցե, իր կենսագրության համար պետք կգա»:

«Ես կարծում էի, որ Ձեր նշած անձը կկարողանար իր մեջ ուժ գտնել եւ ներողություն խնդրել այն լսարանից, ում հասանելի է եղել իր արտաբերածը, եւ նախարար Հրայր Թովմասյանից: Հրայր Թովմասյան անձից՝ մարդուց, նա ներողություն խնդրելու անհրաժեշտություն չունի: Ինչպես արդեն նշել եմ, մեր իրականության մեջ նման բառերի օգտագործումը երբեք անպատասխան չի մնում եւ ներողությունով չի հարթվում՝ պարզապես իմ դիրքը բացառում է այս պահին պատասխանելը: Ինձ համար փակված է այդ հարցն այնքան ժամանակ, քանի դեռ ես նախարար եմ: Ինչ կլինի դրանից հետո, վստահ եմ՝ բոլորը կիմանան»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Անդրադառնալով իր կողմից օգտագործած բառին՝ նախարարն ասաց, որ մեր առօրյայում գրեթե բոլորի կողմից օգտագործվող կոլորիտային այդ բառը, եթե իչ գործընկերներից որեւէ մեկի կողմից որպես վիրավորանք է ընկալվել, ինքը միշտ պատրաստ է ներողություն խնդրել, թեպետ, վիրավորելու որեւէ ցանկություն չի ունեցել:

Նշենք, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արձագանքելով խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջին, ասել էր, որ «ղալաթ են անում»: Ի պատասխան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել էր, թե սա ամբարտավան պահվածք է, եւ աննախադեպ իրավիճակ։ «Արդարադատության նախարարը պետք է որ միայն պաշտպանի սահմանադրական նորմերը։ Խորհրդարանական չորս քաղաքական ուժերը ներկայացնում են 53 պատգամավոր, եւ նախարարի ասածը վիրավորում է ամբողջ Ազգային Ժողովին եւ այդ չորս քաղաքական ուժերի հետուում կանգնած ժողովրդին»։

Ըստ Ա. Ռուստամյանի, Թովմասյանը վերջում սկսել է հասկանալ, թե ինչ է ասել եւ փորձել է բացատրել ղալաթ բառի նշանակությունը։  «Հրայր Թովմասյանը փորձել է բացատրել, որ ղալաթ բառը արաբերեն նշանակում է՝ սխալ են արել: Փոխանակ ասի սխալվել եմ, լեզվի սայթաքում է, ավելի է խորացնում իրավիճակը: Հիմա եթե մենք իրեն ասենք՝ ղալաթ ես անում, չաթլախ, չնեղանաք»,- հայտարարել էր Արմեն Ռուստամյանը: Այնուհետեւ նա պարզաբանել էր, թե «չաթլախ» բառը տաճկերեն է, որը նշանակում է «ճաք տված», կարող եք բացել Ստեփան Մալխասյանցի բացատրական բառարանը ու այնտեղ հայտնաբերել բառի բացատրությունը: