Ջրվեժ թաղամասում 18-ամյա Ջոն Խ.-ի՝ 17-ամյա Կարեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվելու գործը ուղարկվել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը կքննվի Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Դատական առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ջոն Խալաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ի սահմաններում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բակում փոխադարձ կատակների կապակցությամբ վիճաբանել է անչափահաս Կարեն Մարգարյանի հետ, որի ընթացքում վերջինս ապտակել է Ջ.Խալաթյանին: Միջադեպից իրեն նվաստացած զգալով, նույն օրը Խալաթյանը տնից իր հետ վերցրել է ծալովի դանակ, իմանալով, որ Ջրվեժ Մայակ թաղ. 2 շենքի դիմաց Կ. Մարգարյանի հորաքույրը ունի տաղավար ու նա պարբերաբար այցելում է այնտեղ, ժամը 16:10-ին կանչել է Մարգարյանին եւ 2 անգամ հարվածել է նրան եւ պատճառված վերքերից վերջինս հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ջրվեժի Բանավան թաղամասից նոյեմբերի 20-ին բուժօգնության է տեղափոխվել 1996թ Կարեն Մարգարյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 16.45-ի սահմաններում, Բանավան թաղամասում վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր, կտրող ծակող գործիքով Մարգարյանին պատճառել է վնասվածք, ինչի հետեւանքով նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Պարզվել է, որ նրան կյանքից զրկել է 1995թ ծնված Ջոն Խ-ն, որը նոյեմբերի 21-ին՝ կեսգիշերին, Կոմիտասի 44 շենքի մոտից բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, նա ձերբակալված է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:




























