Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում, այսօր՝ մարտի 18-ին, մեկնարկել են «Սիսիանը` 2014 թ. երիտասարդական մայրաքաղաք» միջոցառումները. մեկնարկի արարողությանը ներկա է եղել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ողջունելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությունը` փոխվարչապետը հույս է հայտնել, որ այն լավ ավանդույթի հիմք կդնի եւ կնպաստի մարզային քաղաքներում երիտասարդների համար նոր հնարավորությունների ստեղծմանը:
Փոխվարչապետը շնորհավորել է Սիսանի բնակչությանն ու, հատկապես, երիտասարդներին, համոզմունք հայտնելով, որ տարվա ընթացքում իրականացվելիք բազմաթիվ ծրագրերն ու միջոցառումները քաղաքն իսկապես կդարձնեն երիտասարդության կենտրոն ու նաեւ օգտակար կլինեն տեղաբնակ երիտասարդների համար: Ծրագրի հաջողությունը, ըստ նրա, կնպաստի, որպեսզի հետագա տարիներին ավելի շատ քաղաքներ մրցեն այդ տիտղոսը նվաճելու համար:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2013թ. առաջին անգամ անցկացված «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող էր ճանաչվել Սիսիանը: Մարզային քաղաքները երիտասարդական մայրաքաղաք հռչակելու նախաձեռնության նպատակը տեղում ողջ տարվա ընթացքում երիտասարդական ծրագրերով նախատեսած բազմաթիվ միջոցառումների կազմակերպումն ու իրականացումն է, ինչը կնպաստի քաղաքներում երիտասարդական կյանքի աշխուժացմանը:




























