Առաջիկա քաղաքական հեռանկարում Ղրիմը չի վերադառնա Ուկրաինայի ենթակայության տակ, քանի որ ակնհայտ է, որ այն այլեւս չի ցանկանում ենթարկվել Կիեւին: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսում նշել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշել է, որ այդ փաստը կհանգեցնի շատ փոփոխությունների տարածաշրջանում: «Բայց ներկայումս ավելի կարեւոր է ոչ թե այն, ինչ տեղի է ունենում Ղրիմում, քանի որ այն ինչ պիտի տեղի ունենար այնտեղ, արդեն տեղի է ունեցել, այլ գիտակցումը, որ Ղրիմը մեծ խաղում մի գործիք էր»,-նշել է փորձագետը՝ հավելելով, որ այսօր ավելի կարեւոր է, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայի այլ շրջաններում, մասնավորապես, նրա արեւելյան հատվածում, քանի որ պարզ է, որ իրականում Ռուսաստանը ցանկանում է ֆեդերալիզացնել Ուկրաինան: