Մշտապես Ղրիմի տարածքում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ճանաչվում են ՌԴ քաղաքացիներ: Այս մասին ասվում է Ղրիմը եւ Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմ ընդունելու մասին պայմանագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:
Պայմանագրում նաեւ ասվում է, որ ՌԴ կազմում ընդգրկվելու օրվանից Ռուսաստանում ձեւավորվում են նոր սուբյեկտներ՝ Ղրիմի Հանրապետությունն ու Սեւաստոպոլ քաղաքը՝ դաշնային նշանակությամբ: Ղրիմի Հանրապետության պետական լեզուներն են ռուսերենը, ուկրաիներեն ու ղրիմաթաթարերենը:
Ղրիմի Հանրապետության ցամաքային սահմաններն Ուկրաինայի հետ համարվում են ՌԴ պետական սահմաններ:
Նշվում է նաեւ, որ ՌԴ քաղաքացիները, որոնք զինծառայության են կոչվում Ղրիմում եւ Սեւաստոպոլում, մինչեւ 2016 թվականը կծառայեն թերակղզու տարածքում:
Մինչեւ 2015 թվականի հունվարի 1-ը հայտարարվում է անցման ժամանակաշրջան, որի ընթացքում կկարգավորվեն նոր սուբյեկտների՝ ՌԴ տնտեսական, ֆինանսական, վարկային եւ իրավական համակարգերին ինտեգրվելու հետ կապված հարցերը:
Պայմանագիրը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման պահից եւ ուժի մեջ կմտնի վավերացման օրից:




























