Լիտվիան պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր նախաձեռնությանը, որն ուղղված կլինի Եվրամիության հետ համագործակցության զարգացմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, Ժնեւում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիտվայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինան:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանը, միջազգային խորհրդարանական կառույցներում փոխգործակցությանը, Եվրամիություն-Հայաստան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Փաստելով հայ-լատվիական համագործակցության  ներկա բարձր մակարդակը` կողմերը  շեշտել են, որ անհրաժեշտ է առաջ շարժվել՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները եւ առկա մեծ ներուժը: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի հետագա ամրապնդումը,  խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական  հարաբերություններում:

Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունները զարգանում եւ խորանում են, ինչին նպաստում են բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները: Նրա խոսքով` վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի եւ Լատվիայի միջեւ իրավապայմանագրային դաշտը, ինչը լավ նախադրյալներ է ստեղծում երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում առավել ակտիվ համագործակցություն ծավալելու համար:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին, միջազգային վերջին զարգացումներին: Կարեւորվել է բոլոր խնդիրների եւ հակամարտությունների կարգավորումը խաղաղ բանակցությունների ճանապարհով: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ այն չի խանգարում ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա  զարգացմանը եւ խորացմանը:

Լատվիայի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւոր է համարել երկու երկրների խորհրդարանների համագործակցության զարգացումը` բարձր գնահատելով Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Լատվիա հայ-լատվիական միջպետական եւ միջխորհրդարանական կապերի զարգացման եւ սերտացման առումով:  Տիկին Աբոլտինան կարեւոր է համարել Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու եւ ամրապնդելու Եվրամիության հետ հարաբերությունները, մասնավորապես Արեւելյան գործընկերության շրջանակներում: