Ուկրաինայի ՆԳՆ-ն համարում է, որ զենք պետք է լինի միայն Ուկրաինայի Ազգային գվարդիայի եւ Զինված ուժերի ծառայողների մոտ, ուստի զենք ունեցողները պետք է մինչեւ մարտի 21-ը հանձնեն այն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Սերգեյ Յարովոյը:
Նրա խոսքով՝ բնակչության ձեռքին գտնվող զենքի առկայությունը շատ լուրջ հարց է, «որը հուզում է ոչ միայն ՆԳՆ-ին»:
Նա ընդգծել է, որ զենքը պետք է լինի միայն Ազգային գվարդիայի եւ ԶՈՒ ծառայողների մոտ, իսկ «մնացած դեպքերում դա անօրինական է, ուստի ոստիկանությունը այդ մարդկանց հետ շատ խիստ աշխատանքներ կտանի»:
«Դուք գիտեք, թե որքան զենք է շրջանառվում երկրում: Ավելին, հիմա այդ զենքն օգտագործվում է տարբեր կողոպուտներ ու ավազակային հարձակումներ գործելիս»,-ասել է նա՝ հավելելով, որ ուկրաինացիներն արդեն հազար միավոր զենք են հանձնել:
Այսպիսով՝ Յարավոյի խոսքով, ում մոտ զենք մնաց, նրանք «պատասխան կտան օրենքի առջեւ»:
Հարցին, թե զենքը հանձնելու պահանջը վերաբերո՞ւմ է ինքնապաշտպանության ջոկատներին եւ «Աջ հատվածին», Յարավոյը պատասխանել է. «Պարտադիր»:
«Ես մեկ անգամ ասում եմ, մարդիկ, որոնք շրջում են զենքով, պետք է լինեն կամ Ազգային գվարդիայում, կամ Զինված ուժերում: Մնացածն անօրինական է»,-ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:
Նշենք, որ մարտի 4-21-ին Ուկրաինայում շարունակվում են ինքնակամ զենք հանձնելու միջոցառումները:




























