Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ» կուսակցությունը կոչ է անում ուկրաինական իշխանություններին խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:

«Ելնելով Ռուսաստանի քաղաքական ղեկավարության թշնամական գործողություններից եւ միջազգային հարաբերությունների համընդհանուր պրակտիկայից՝ մենք պնդում ենք անհապաղ խզել Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ:

Ռուսաստանի կողմից Ղրիմն անկախ ճանաչելու եւ ՌԴ կազմում ընդգրկելու փաստը «ռուսական ղեկավարության որդեգրած ագրեսիվ քաղաքականության շարունակությունն է ընդդեմ ուկրաինական պետության, ոտնձգություն նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ»,- վստահ են կուսակցությունում:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Վլադիմիր Պուտինի ելույթից հետո Ռուսաստանն ու Ղրիմը պայմանագիր են կնքել ՌԴ կազմում Ղրիմի Հանրապետության, այդ թվում նաեւ Սեւաստոպոլ քաղաքի ընդգրկման մասին: Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիեւը չի ճանաչում Ղրիմի միացումը ՌԴ-ին եւ կոչ է արել միջազգային հասարակությանը միջոցներ ձեռնարկել ընդդեմ ռուսական ագրեսիայի: