«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ՝ մարտի 22-ի հավաք երթի մասին տեղեկացնելու նպատակով: Այս մասին հայտնում է նախաձեռնության կայքը։

«Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների եւ նպատակների մասին տեղեկատվության տարածումը:

Երթեւեկման կարգը՝

Հարգելի՛ ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 20-ին, ժ. 12:30-ին (ոչ շուտ եւ ուշ) մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ եւ երթեւեկել օրենքով սահմանված կարգով մինչեւ ժամը 13:30-ը։

Ժամը 13:30-ին մեքենաները շարասյունով կշարժվեն դեպի Աբովյան պուրակ (պլանի գլուխ), որտեղ կշարունակվի ակցիան մինչեւ ժամը 14:30-ը, որով եւ կավարտվի ավտոերթը։

Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին եւ նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ կամ Աբովյան պուրակ (պլանի գլուխ) մտնելու համար։

Երթի ողջ ընթացքում տեղի կունենա քաղաքացիների իրազեկում բարձրախոսներով եւ մեքենաներին փակցված թռուցիկներով։

Ցանկալի է ունենալ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կամ ՀՀ դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ նախաձեռնությունը սովորաբար մեծ երթերից առաջ ավտերթեր է կազմակերպում: