ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը ողջունում է փաստը, որ հերթական անգամ աշխարհի ինչ-որ հատվածում ինչ-որ ժողովուրդ իրացնում է իր ինքնորոշման իրավունքը: Այս մասին նա նշել է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ղրիմում անցկացված հանրաքվեին եւ դրա արդյունքներին:
Նրա խոսքով՝ եթե ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չգերիշխեր տարածքային ամբողջականության սկզբունքին, աշխարհում կայսրությունները չէին փլուզվի:
Պատգամավորը նաեւ հավելել է. «Եթե նախադեպի խնդիր է ծագում, ապա Լեռնային Ղարաբաղի անկախությունը կարող է այլ ժողովուրդների համար նախադեպ լինել, որոնք ապրում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԳՆ-ն հանդես է եկել Ղրիմի կարգավիճակի հարցով անցկացված հանրաքվեի մասին: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ԼՂՀ ԱԳՆ-ն մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացված հանրաքվեն դիտարկում է որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման եւս մեկ արտահայտություն:
Վերջին տարիների պրակտիկան, մասնավորապես, Կատալոնիայում եւ Շոտլանդիայում նախատեսված հանրաքվեները, վկայում են, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրականացումը նման խնդիրները լուծելու առավել օպտիմալ եւ ժողովրդավարական միջոց է:




























