Երեւանի բնակիչներ 40-ամյա Վահե Թ.-ն եւ 29-ամյա Արամ Մ.-ն մեղադրվում են Հակոբ Մ.-ին փայտերով եւ ապակյա շշերով ծեծելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Վահեն ու Արամը, նախապես համաձայնության գալով, հարձակվել են Հակոբ Մ.-ի վրա, որպեսզի հափշտակեն վերջինիս գույքը: Տեսնելով, որ Հակոբը դիմադրում է՝ Վահեն ու Արամը փայտերով ու ապակյա շշերով ծեծի են ենթարկել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ Հակոբի անդրավարտիքից Վահեն ու Արամը հափշտակել են 61 հազար դրամ եւ բջջային հեռախոս եւ դիմել փախուստի:
Վահե Թ.-ին եւ Արամ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 117-րդ հոդվածով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ 5-10 տարի ժամկետով, երկրորդը՝ կալանք առավելագույնը երկու ամսով, իսկ երրորդ հոդվածը՝ ազատազրկում 6-10 տարի ժամկետով: Արամ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել նաեւ 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է կալանք առավելագույնը երկու ամիս ժամկետով: Վահեն ու Արամը կալանավորված են:
Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 24-ին:




























