Ղրիմում ողջ հակադրության նախաձեռնողը եղել է հենց Արեւմուտքը, մասնավորապես, ասոցացված անդամությունը, որը չէր համաձայնեցվել Ռուսաստանի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը:

Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ոչ երեկ, ոչ այսօր: «Ասոցացված անդամության նպատակը «Արեւելյան գործընկերության» երկրների անջատումն էր Ռուսաստանից: Դա առաջացրել է Կրեմլի շատ խիստ, իսկ Ղրիմի դեպքում՝ նաեւ ոչ այնքան ադեկվատ արձագանքը»,-ասել է Սկակովը՝ հավելելով, որ նման արձագանքը սպասելի էր, որովհետեւ այդ հարցում նախաձեռնությունը գալիս էր ոչ Մոսկվայից:

«Այսօր աշխարհն ազդեցության գոտիների բաժանելն արդյունավետ չէ, եւ որքան շուտ դա հասկանան Արեւմուտքում, այդքան ավելի լավ դա կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի եւ Արեւմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունների վրա: Չէր կարելի Ուկրաինան մասերի բաժանել, դա Մոսկվան չի սկսել: Դա, առաջին հերթին, սկսել են անել ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը»,-ասել է քաղաքագետը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ղրիմի իշխանությունները հայտարարել են թերակղզու անկախության մասին՝ հիմք ընդունելով դրանից մեկ օր առաջ տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները:

Հիշեցնենք, մարտի 17-ին Ղրիմի իշխանությունները  հանրաքվեի արդյունքում հայտարարել էին թերակղզու անկախացման մասին: Վլադիմիր Պուտինը ճանաչել էր հանրաքվեի օրինականությունը: Մարտի 18-ին ՌԴ նախագահը հավանություն էր տվել Ռուս-ղրիմյան պայմանագրի նախագծին՝ Հանրապետությունը ՌԴ կազմում ընդգրկելու եւ ՌԴ կազմում նոր սուբյեկտների ձեւավորման մասին: