Ադրբեջանում բնակվող թաթերը (կովկասյան պարսիկներ) հավակնում են Շիրվանի Պարսկական Հանրապետություն ստեղծմանը: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, մամուլի ասուլիսում նշել է ԵՊՀ արեւելագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը:
Փորձագետի խոսքով՝ այդ նպատակով թաթերը ստեղծել են «Շիրվանի ազատագրման ճակատը», որը Բաքվի ռեպրեսիվ քաղաքականության պայմաններում ընդհատակյա պայքար է մղում:
Կազմակերպության այլ խնդիրների շարքում Ոսկանյանը նշել է Ադրբեջանի կողմից «ֆարսի» անվանման ճանաչումը որպես կովկասյան պարսիկների միակ ընդունելի էթնիկ անվանում՝ թուրքական «թաթ» կամ «դաղլը» անվանումների փոխարեն, պարսկերենին Շիրվանի տարածքում հիմնական պետական լեզվի կարգավիճակ տալը, ինչպես նաեւ պարսիկ ժողովրդի նկատմամբ խտրական եւ ձուլման քաղաքականության դադարեցումը:
Լրագրողների հետ հանդիպման վերջում Ոսկանյանը նշել է, որ մայիսի կեսերին Երեւանում տեղի կունենա թաթագիտությանը նվիրված առաջին միջազգային կոնֆերանսը:




























