«Ղրիմի հարցը» ռուսական կողմի պատճառով քաղաքական փուլից անցել է ռազմականի, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:

«Այժմ այն փաստացի անցնում է  քաղաքականից ռազմական մակարդակի ռուս զինվորականների պատճառով»,- նշել է նա Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի հետ համատեղ հայտարարության մեջ մարտի 18-ին, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Իր հերթին Ալեքսանդր Տուրչինովը զգուշացրել է Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի տարածքում հանցագործությունների համար պատասխանատու լինելու մասին:

«Ցանկանում եմ զգուշացնել Պուտինի, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը պատասխանատու է բոլոր հանցագործությունների համար, որոնք տեղի են ունենում Ուկրաինայի տարածքում»,- հայտարարել է նա:

Ինչպես հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը, Յացենյուկը պահանջել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների մասնակցությամբ հանձնաժողով հրավիրել Ղրիմում ռուս զինվորականների ուժային գործողությունների հարցն անհապաղ լուծելու համար:

«Այսօր ռուս զինվորականները սկսել են կրակել ուկրաինացի զինծառայողների ուղղությամբ, իսկ դա արդեն ռազմական հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի»,- նշել է Յացենյուկը:

Ավելի վաղ մարտի 18-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Սերգեյ Գայդուկը հայտարարել է, որ ուկրաինացի զինծառայողների նկատմամբ Ղրիմում հրազեն են արդեն կիրառում:

«Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել զորամասերի գրավման դեպքերը զենքի կիրառմամբ՝ ինչպես հրազենային, այնպես էլ տրավմատիկ»,- ասել է փոխծովակալը: Նա հաղորդել է, որ Սիմֆերոպոլում վիրավորվել է ուկրաինացի սպա, մի քանի հոգու առեւանգել են: