Երեւանում բնակարանների գներն աճում են միայն դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Ակցեռն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Հակոբ Բաղդասարյանը: «2013թ.-ի երկրորդ կիսամյակում փոքր գնաճը նկատելի է միայն դրամով արտահայտված(դոլար փոխարժեքի անկման հետեւանքով՝ խմբ.): Իրական գները պահպանվում են նույն մակարդակում, ինչպես որ նախկինում»,- հայտարարել է Բաղդասարյանը: Նմանատիպ իրավիճակ, հավելել է նա, մարզերում է, որտեղ բացակայում են տնտեսական նպատակային ծրագրերը:
Այն հարցին, թե ակնկալում է անշարժ գույքի գնաճ Դիլիջանում այնտեղ 2013թ.-ին Հայաստանի Կենտրոնական բանկի կրթական համալիրի շինարարությունից հետո, Բաղդասարյանը պատասխանել է, որ գնաճ նկատելի չէ նաեւ այնտեղ: «Անշարժ գույք ձեռք բերելու որոշումը միշտ որոշակի ուշացմամբ են կայացվում: Այստեղ նույնպես բանկային սեկտորը նախ ցանկանում է տեսնել, թե այդ կենտրոնն ապագայում որքանով կկայանա»,- հավելել է Բաղդասարյանը:
Նշենք, որ 2013թ.-ին Երեւանում բնակարանների միջին արժեքը կազմում էր 272 հազար դրամ(ընթացիկ փոխարժեքով՝ 657 դոլար) մեկ քառակուսի մետրի դիմաց: Ընդ որում 1-ին կիսամյակում այն բարձրացել է 7000 դրամով, 2-րդում՝ միայն 3000-ով:




























