ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները բացարձակապես անընդունելի են եւ անհետեւանք չեն մնա: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը, ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել առաջարկների քննարկումը, որոնք ուղղված են փետրվարի 21-ի համաձայնագրի կատարմանը, որի նպատակը կարգուկանոնի հաստատումն է եւ համապարփակ սահմանադրական բարեփոխումների իրականացումն սկսելը:
Լավրովը հատուկ նշել է «ուլտրաազգային եւ արմատական ուժերի կողմից Ուկրաինայի հարավ-արեւելքում եւ այլ շրջաններում ռուսալեզու բնակչության եւ մեր հայրենակիցների նկատմամբ սադրանքներին վերջ դնելու անհրաժեշտությունը, որի նպատակով կարող են օգտագործվել ԵԱՀԿ-ի կամ ԵԽ-ի դիտորդներ»:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու հարցով:




























