Կնոջը ծեծելու, խոշտանգելու մեջ մեղադրվող՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ, բախտագուշակ Վարսիկի որդուն՝ Սարգիս Հակոբյանին մարտի 18-ին նրա դեմ հարուցված քրեական գործով դատական նիստին ագրեսիվ պահվածքի համար դատավորը դուրս է հանել նիստերի դահլիճից: Ամուսնու դեմ քրեական գործ հարուցած Հասմիկ Խաչատրյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ դատավորը մեղադրյալին դատարանի դահլիճից դուրս է հանել այն բանից հետո, երբ Սարգիսը հոր՝ Համլետ Հակոբյանի ցուցմունք տալու ժամանակ ագրեսիվ է իրեն պահել ու բղավել.«Իմ հերը եթե խոսում ա, բոլորը պիտի լռվեն»:
Փաստաբանը նաև ասաց, որ մինչև այդ՝ նախքան նիստի սկսվելը, Սարգիսը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել կանանց, որոնք «Կանանց աջակցմանն կենտրոնի» հետ Երեւանից գնացել էին Գեղարքունիք՝ դատական նիստին մասնակցելու: «Հայհոյանքների մասին դատավորին ասացինք: Այդքան մարդ ասաց, որ հայհոյել է, դատավորը փոխանակ սանկցիա կիրառեր Սարգիսի դեմ, կամ փոխեր խափանման միջոցը, հարցրեց՝ հայհոյել ե՞ք, նա էլ ասեց՝ չէ»,-պատմեց Տիգրան Մուրադյանը:
Փաստաբանը նաեւ ասաց, որ Սարգսի հայրը՝ Համետ Հակոբյանը, ցուցմունք է տվել հօգուտ իր որդու: Նա նշել է, որ Սարգիսը Հասմիկին երբեք չի ծեծել, չի արգելել տեսնել ծնողներին: Իսկ դեպքի օրը տեղի ունեցածի մասին ասել է, թե տանը չի եղել ու չի իմացել՝ ինչ է եղել:
Նրա վկայությունները հայցվոր կողմը հորինված ու սուտ է համարում: «Անարժանահավատ ցուցմունք տվեց: Ասաց անգամ, թե իբր Հասմիկը երեխային մի քանի անգամ ուժեղ հարվածել է գետնին, քիթը քերծվել է, դեմքը քերծվել է»,-ասաց փաստաբան Տիգրան Մուրադյանը: Նա նաև նշեց, որ նիստին ցուցմունք է տվել Հասմիկի հորաքրոջ աղջիկը՝ Գայանե Խաչատրյանը, որը Հասմիկի հետ է եղել այն ժամանակ, երբ ամուսնու տնից փախչելուց հետո նա գնացել է հիվանդանոց: «Ասաց, որ հիվանդանոց գնալիս Հասմիկը վնասվածքներ, կապտուկներ ուներ, գլուխը պտտվում էր, վախենում էր: Ասաց նաև, որ այդ ժամանակ Սարգիսը զանգել է, հայհոյել, սպառնացել է Հասմիկին»,- նշեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Սարգիս Խաչատրյանը մեղադրվում ամուսնական կյանքի ընթացքում կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու, պարբերաբար ծեծի է ենթարկելու, մարմնական և հոգեկան տառապանք պատճառելու մեջ: Հասմիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 9 տարվա ամուսնական կյանքի ընթացքում ինքը բազմիցս ծեծի է ենթարկվել. ամուսինը մինչև անգամ աթոռը ջարդել է իր թիկունքին ու աթոռի կոտրված մասով հարվածել գլխին:Նա պատմել էր, որ ամուսնու տնից փախչելու օրը դաժան ծեծի էր ենթարկվել, որի հետեւանքով պատռվել էր ականջի թաղանթը:




























