Ռուսաստանն այլ գործընկերների կդիմի, եթե ԱՄՆ-ի կամ Եվրամիության կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն: Այդ մասին բրիտանական BBC հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա ընդգծել է, որ Կրեմլը ցանկանում է ցանկանում է դրական հարաբերություններ պահպանել ԵՄ եւ ԱՄՆ-ի հետ, մասնավորապես ԵՄ հետ, քանի որ Եվրամիությունը ՌԴ տնտեսական, ներդրումային եւ առեւտրական գլխավոր գործընկերն է: Պեսկովը նաեւ նշել է, որ գլոբալ տնտեսական խնդիրների շուրջ քննարկումներն առանց Ռուսաստանի մասնակցության չեն կարող լիարժեք բնույթ կրել:
Մարտի 18-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառումը ծայրահեղ անընդունելի է ու անհետեւանք չի մնա:
Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ արտահայտվեց Ռուսաստանին Ղրիմի միացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաջ քաշեց սահմանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ:
Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր կնքեցին: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:



























