«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործի շրջանակներում վերջինիս հոր՝ Պետրոս Մհերյանի կողմից օրերս նախաքննական մարմնին տրամադրված տեսաերիզը իրավապահների կողմից ոչ մի արձագանք չի ստացել: «Ոչ մի նորություն չկա: Իրավապահները կարծես թե չեն ցանկանում ընթացք տալ այս գործին: Իմ փոխանցած տեսաձայնագրությունը նորություն չէր, դա մի 3 տարվա պատմություն ուներ, որի հիման վրա 70-80 տոկոսով կարելի էր գործը բացահայտել: Բա թե ինչի համար չեն ուզում ուշադրություն դարձնեն դրան, ընթացք տան գործին, այ դա չեմ հասկանում, պատճառը չեմ կարողանում գտնել»,- «Ժամանակին» ասաց Պ. Մհերյանը:
Հիշեցնենք, որ օրերս Պ. Մհերյանը խոսել էր մի տեսաերիզի մասին, որից, նրա խոսքով, պարզ է դառնում, որ իր որդու սպանությունը փորձում են կոտրել մեկ ուրիշի վրա: Այդ ձայնագրության մեջ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ուրիշի գլխին սարքելու մասին: Նրանք փորձում էին սպանությունը բարդել նախկինում մեկ այլ հանցագործության համար դատապարտված Գեւորգ Իգիթյանի վրա: Ձայնագրության մեջ Իգիթյանն ասում է՝ «Հա, լավ, ասեմ՝ ես եմ: Բա որ հարցնեն՝ զենքը ո՞ւր է, ի՞նչ ասեմ»:
Պ. Մհերյանի խոսքով` նմանատիպ ծանրակշիռ ապացույցների առկայության պարագայում գործը չբացահայտելը խոսում է այն մասին, որ այս գործում իսկապես ներգրավված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ձեռնտու չէ այս բացահայտումը: «Չի կարող պատահել, որ այստեղ խառնված չլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ: Ոնց կարող ա պատահի: Նա չի ունեցել ոչ մի թշնամի, ոչ մեկին վատություն չէր արել»,- ասաց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Պ. Մհերյանը մի քանի անգամ բաց տեքստով որդու սպանության մեջ մեղադրել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Եվ այս անգամ էլ, բարձրաստիճան պաշտոնյա ասելով` նա քար է նետում հենց Սարգսյանի բոստանը, քանի որ Մհերյանի սպանությունից հետո Ալիկ Սարգսյանը կասկածներ էր հայտնել, որ սպանությունը կարող է կատարված լիներ Իգիթյանի կողմից, որովհետեւ նրանք նախկինում ինչ-ինչ չլուծված հաշիվներ էին ունեցել: Ալիկ Սարգսյանն անգամ վերջինիս իր աշխատասենյակ էր կանչել, զրուցել հետը:
Սակայն «Ժամանակի» հետ զրույցում երեկ Ա. Սարգսյանն ասաց, որ այդ խոսակցությունները, կասկածները իր հետ կապելն անհեթեթություն է: Ինքը, այսքան տարիներ անց, նույնիսկ չի էլ հիշում ո՛չ այդ դեպքի մանրամասները, ո՛չ Իգիթյանին եւ ո՛չ էլ առավել եւս տեղյակ է վերը նշված տեսաերիզից: «Ես չգիտեմ ինչն է պատճառը, ինչի մասին է խոսքը: Ինչ ունի, թող տանի ներկայացնի նախաքննական մարմնին: Ինչ բարձրաստիճան պաշտոնյայի անուն ունի, թող բացահայտ, առանց թաքցնելու տանի ներկայացնի: Սա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունեցող դեպք է: Որեւէ մեկը չի կարող ինձ մեղադրել, քանի որ դրա համար ոչ պատճառ ունի, ոչ էլ առիթ: Թող Մհերյանը ինքը պարզի, թե ով է թերացել իր պարտականությունների մեջ: Ես` որպես նախարար, ընդհանրապես չեմ թերացել իմ պարտականությունների մեջ»,- ասաց Ա. Սարգսյանը՝ ավելացնելով, որ անգամ քողարկված ակնարկները, թե ինքը որեւէ մեկին ստիպել է սպանությունն իր վրա վերցնել, անհեթեթություն է»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























