Մարտի 18-ի երեկոյան «Սվոբոդա»-ի պատգամավորները Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տնօրեն Ալեքսանդր Պանտելեյմոնովին ստիպել են հրաժարականի դիմում գրել, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Տեսագրությունում երեւում է, թե ժողովրդական պատգամավորներն ինչպես են Պանտելեյմոնովին ուժով նստեցնում, հարվածում գլխին եւ դեմքին։

Պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն հեռուստաընկերության տնօրենին մեղադրել է Մայդանի դեպքերի ժամանակ մշտապես սուտ լրատվություն տարածելու համար։  Այնուհետ մոտ 20 հոգով Պանտելեյմոնովին նստեցրել են ամենագնացը եւ տարել անհայտ ուղղությամբ։
Ավելի ուշ  Միրոշնիչենկոն բացատրել է, որ դա արվել է հեռուստաալիքով «Սվոբոդա»-ին քննադատելու համար։ ՆԳ նախարար Արսեն Ավակովը պատգամավորների գործողություններն անկարգություն է որակել։

Ժողովրդական պատգամավորներն անհարգալից կերպով երեքշաբթի երեկոյան  Ուկրաինայի առաջին հեռուստաալիքի ղեկավարին պարտադրել են հրաժարական ստորագրել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ոկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը։

«Ժողովրդական պատգամավորների գործողությունները ոչ ադեկվատ եմ համարում։ Ժողովրդական պատգամավորների գործողությունների գնահատականը եւ որակավորումը կարող է տալ բացառապես Գլխավոր դատախազությունը», - գրել է Ավակովը։
Նա նաեւ հավելել է, որ պատրաստ է, որպես ներքին գործերի նախարար, Գլխավոր դատախազության հանձնարարությամբ կազմակերպել  անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները։ 

2013թ. փետրվարի 20-ին կառավարությունը ՈՒԱՀ-ի ժամանակավոր գլխավոր տնօրեն էր նշանակել Ալեքսանդր Պանտելեյմոնովին՝ հեռուստաընկերության նախորդ  տնօրենին պաշտոնանկ անելուց հետո։