Շվեյցարիայի Կոնֆեդերացիայի նախագահ Դիդյե Բուրկհալթերը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը կոչել է միջազգային իրավունքի խախտում: Այդ քայլն իրականացվել է հակառակ ԵԱՀԿ հիմնարար պարտականությունների ու միջազգային իրավական նորմերի, հայտարարել է նա: Սակայն Պուտինի կողմից Ղրիմը Ռուսաստանին միացնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը չպետք է հանգեցնի ճգնաժամի դիվանագիտական կարգավորման ուղիների որոնման դադարեցմանը, հայտարարել է ԵԱՀԿ ղեկավարը:

Ըստ նրա՝ «այժմ, ինչպես երբեք, կարեւոր է բաց ու ազնիվ երկխոսություն վարել ու կապող օղակներ ստեղծել», հաղորդում է Deutsche Welle-ը:

Նախագահն ընդգծել է, որ Շվեյցարիան մտադիր չէ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել՝ Ղրիմի անեքսիայի պատճառով:

«Ներկայումս Շվեյցարիան վերլուծում է իրավիճակն ու իր կարեւորագույն գործընկերների գործողությունները»,- հայտարարել է Բուրկհալթերը ու նշել, որ այս տարի Շվեյցարիան նախագահում է ԵԱՀԿ-ում ու այդ պարագայում պետք է չեզոքություն պահպանի: Շվեյցարիան պարտավոր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել միայն այն դեպքում, երբ դրանք ընդունվեն ՄԱԿ-ի կողմից: