Ադրբեջանական գերությունից ազատված Մամիկոն Խոջոյանին այսօր՝ մարտի 19-ին, կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Կարեն Մանուկյանը:
Նա նշեց, որ կեսօրին Մամիկոն Խոջոյանին կտանեն Վերակենդանացման բաժանմունք, կվիրահատեն եւ վաղը կտեղափոխեն նորից Վնասվածքաբանության բաժանմունք:
Կատարվող բազկոսկրի վիրահատությունից հետո Մամիկոն Խոջոյանը դեռ 10-15 օր էլ կմնա հիվանդանոցում: Ի դեպ, նրա հիշողությունը որոշակիորեն վերականգնվել է, ճանաչում է հարազատներին, կարող է խոսել եւ պատասխանել հարցերին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերության մեջ է հայտնվել հունվարի 28-ին: Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ: Մարտի 4-ին Ադրբեջանը նրան վերադարձրել է Հայաստանին: Նախնական զննությամբ պարզվել է, որ Մամիկոն Խոջոյանի մոտ առկա են բազմակի կոտրվածքներ, վնասվածքներ, ինչպես նաեւ բազմաթիվ վերքեր եւ սալջարդեր: Բոլոր վնասվածքները վկայում են, որ նրան գերության մեջ խոշտանգել են։



























