Ուկրաինացի տեսուչները Բոլգորոդ են մեկնել՝ Ռուսաստանի սահմանամերձ գոտում Վիեննայի 2011թ. փաստաթղթի շրջանակում ստուգումներ անցկացնելու: Հաղորդվում է, որ նրանք կստուգեն Բոլգորոդի եւ Կուրսկի շրջանում «չհայտարարված պատերազմական գործունեության» առկայությունը:
Տեսչական ստուգման մասին համապատասխան հարցում Ուկրաինան ուղարկել էր ԵԱՀԿ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Միջուկային վտանգների նվազեցման ազգային կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռիժկովին: Ստուգումը կանցկացվի ուղղաթիռով եւ ավտոմեքենայով՝ մարտի 18- 20-ը:
Վիեննայի՝ վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումների մասին 2011թ. փաստաթուղթն ընդունվել էր 2011-ի նոյեմբերի 30-ին՝ անվտանգության ոլորտում համագործակցության համաժողովում:
Ըստ փաստաթղթի՝ մասնակից բոլոր պետությունները պետք է տեղեկատվություն փոխանակեն իրենց ԶՈՒ-ի, ռազմական տեխնիկայի եւ պաշտպանության ոլորտում ծրագրերի մասին: Փաստաթուղթը նաեւ անհրաժեշտության դեպքում տեսչական ստուգում է նախատեսում եւ այցեր ցանկացած մասնակից պետության տարածք:




























