Հայաստանում ազգային փոքրամասնությունների 12 ՀԿ-ներ 2 հազարական դոլար կստանան: Նման որոշում է կայացվել այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում:
Հատկացվող գումարը կկազմի 818 հազարական դրամ (մոտ 2 հազար դոլար) յուրաքանչյուր հասարակական կազմակերպությանը: Ասորիների համար գումարը կբաժանվի երկու ՀԿ-ների միջեւ, յուրքանչյուրին 409 հազարական դրամ:
Հայաստանի 2014թ. պետբյուջեում 20 մլն դրամ է նախատեսված ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների համար:
Դրանց գործունեությունը համակարգող ՀՀ նախագահի օգնականին կից գործող խորհուրդն իր ս.թ. փետրվարյան նիստում նշված գումարից ինը միլիոն դրամը բաշխել է խորհրդում ներկայացված ազգային համայնքների կազմակերպություններին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է կատարված հատկացումները ասորական երկու, բելառուսական, գերմանական, եզդիական, լեհական, հունական, ռուսական, վրացական, ուկրաինական եւ քրդական համայնքների ՀԿ-ներին:
Խորհրդի նույն նիստի որոշմամբ երաշխավորվել է 2014թ. համար նախատեսված գումարից 11 մլն դրամը փոխանցել խորհրդի անդամ «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն» ՀԿ հաշվեհամարին՝ 1 մլն դրամը միասնական կրթամշակութային միջոցառումների, իսկ 10 մլն դրամը՝ ազգային-մշակութային տարբեր, այդ թվում՝ խորհրդի անդամ չհանդիսացող կազմակերպությունների կողմից ազգային համայնքների կրթամշակութային զարգացմանը միտված առավել կարեւոր նախաձեռնությունների եւ ծրագրերի իրականացման նպատակով:
Այս հատկացումները եւս հաստատվել են կառավարության նույն որոշմամբ: Իրավական ակտն ընդունվում է ամեն տարի: Ազգային փոքրամասնությունների ՀԿ-ները ստացված գումարներն օգտագործում են ազգային ինքնության պաշտպանությանն ուղղված կազմակերպական, կրթական ու մշակութային խնդիրների լուծման համար:




























