«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը չի բացառում, որ կընդունի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երկխոսության գնալու հրավերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Հակոբ Արշակյանը:
«Եթե Տիգրան Սարգսյանը հրավիրում է երկխոսության, կքննարկենք հրավերն ու ամենայն հավանականությամբ կընդունենք այն, սակայն մենք ոչ թե բանակցելու կգնանք, այլ պահանջելու պարտադիր բաղադրիչի վերացումը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք հրավերն ընդունելու որոշումը «Դեմ եմ»-ը կքննարկի՞ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի հետ, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Կոնկրետ իմ կարծիքն եմ ասում. Եթե մեզ է հրավիրել, ուրեմն մենք պիտի որոշենք՝ գնանք, թե չգնանք»:
NEWS.am-ի հարցին՝ ինչ ձեւաչափով է լինելու մարտի 22-ին կայանալիք հանրահավաք-երթը եւ ովքեր են ելույթ ունենալու, «Դեմ եմ»-ի անդամը չցանկացավ մեկնաբանել. «Հնարավոր է՝ մինչեւ մարտի 22-ը հրապարակենք ելույթ ունեցողների ցուցակը, բայց այն, որ մեր առաջ չորս ոչ իշխանական ուժերը պայման են դրել, իրականությանը չի համապատասխանում: Հավաքը մենք ենք կազմակերպում ու մենք ենք որոշում, թե ով ելույթ կունենա»:




























