Մասիսի բժշկական կենտրոնում ապրիլի 3-ին՝ առավոտյան ժամը 05.30-ի սահմաններում, 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Արարատի եւ Վայոց ձորի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քրեական գործը կարճելու վերաբերյալ իրենց բողոքը եւ այժմ վարույթը վերսկսվել է: Գործի շրջանակներում այժմ նշանակված է դատաբժշկական համալիր հանձնաժողովային փորձաքննություն:
Նշենք, որ ապրիլի 2-ին Ցոլակի ինքնազգացողությունը վատացել էր։ Կինը կանչել էր ամուսնու հարազատներին, ովքեր Ցոլակին տեղափոխում են Մասիսի հիվանդանոց։ Այդ օրվա բժիշկը եղել է վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանը, ով ձեռքերով շոշափել է Ցոլակի որովայնի հատվածները, հետո հարազատներին ասել է, որ լուրջ ոչինչ չկա՝ ցավերը կապված են սննդի հետ, ինչի պատճառով էլ հավանաբար աղիների խցանում կա։ Բուժքրոջը հանձնարարել է, որպեսզի ցավերի մեջ գտնվող Ցոլակին միջմկանային ներարկում կատարեն, որից հետո հիվանդանոցում ասել է, որ կարող են հանգիստ գնալ տուն, անհանգստանալու կարիք չկա։ Տուն գալուց հետո՝ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Ցոլակը նորից ցավեր է ունեցել, ու այս անգամ ինքնուրույն՝ իր ավտոմեքենայով գնացել է հիվանդանոց՝ այդ մասին միայն կնոջը տեղյակ պահելով։ Երբ Ցոլակը ուշացել է, կինը զանգել է եղբորը, որ հիվանդանոց գնա, իմանա՝ ինչ է պատահել։ Երբ եղբայրը գնացել է հիվանդանոց, իմացել է, որ վերակենդանացման բաժանմունքում Ցոլակը մահացել է։
Մահվան վկայականը, որտեղ գրված է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության խանգարումը, հարազատների մոտ է։ Սակայն նրանք պնդում են, որ Ցոլակը երբեւէ առողջական ոչ մի խնդիր չի ունեցել, այդ թվում՝ սրտի։ Չգիտես ինչու, առաջին անգամ Ցոլակի ինքնազգացողության վատթարացումը բժիշկը կապել է աղիների հետ, իսկ հետո երիկամի։ Իսկ երբ տեսել է, որ նա մահացել է, մահը կապել է սրտի հետ։



























