Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին կասկածելի է թվում Լեռնային Ղարաբաղում՝ Ղրիմի հանրաքվեի առթիվ տոնախմբություն կազմակերպելը:
«Պետք է զերծ մնալ այս պահին տեսակետներ հայտնելուց, վտանգավոր է, սակայն Լեռնային Ղարաբաղում երեկ այնպիսի տոնախմբություն էր, կարծես թե Արցախը դարձել է ՄԱԿ անվտանգության խորհրդի անդամ: Սա նշանակում է, որ Ռուսաստանն է ստիպել հայկական կողմին այսպես արձագանքել»,- այսօր` մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատգամավորը:
Նրա խոսքով` պաշտոնական Երեւանն այնքան ժամանակ չեզոք կլինի, ինչքան Ռուսաստանը թույլ կտա:
«Հուսով եմ, որ Հայաստանը կկարողանա իր ռազմավարական գործընկերներին բացատրել, որ մեր անվտանգության համար մեզ համար կարեւոր է լավ հարաբերությունները պահպանել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Եվրամիության հետ»:
Անդրադառնալով Ղրիմում անցկացված հանրաքվեին` Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ չի ընդունում, որ Ղրիմում արդար հանրաքվե է անցկացվել:
«Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը, այնտեղ բանակը բռնություններ է գործադրել, որի մասին միջազգային լրատվամիջոցներն են գրում: Բացի դրանից, ոչ մի միջազգային դիտորդ չի հետեւել հանրաքվեի ընթացքին: Հետեւաբար, արդար ընտրության մասին խոսք չկա»,- նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը:
Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր էին կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























