Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանին չի հետաքրքրում, թե ռուս քաղաքագետներն ինչ են մտածում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ:

«Ռուսաստանը մեզնից մեծ երկիր է եւ ունի մի քանի միլիոն քաղաքագետ, եւ ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե իրենք ինչ են մտածում: Նրանք ավելի լավ է մտածեն իրենց առաջ ծառացած խնդիրների մասին, օրինակ հարբեցողության, Ռուսաստանը մեկուսացումից հանելու մասին»,- այս մասին այսօր` մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով ռուս քաղաքագետի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է միանա Ռուսաստանին:

Նմանատիպ հայտարարություն էր արել նաեւ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին:

Պատգամավորը վիրավորական է համարում նման տեսակետները եւ հորդորում չլսել նրանց «հիվանդագին» կարծիքները: