Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցված սպառնալիքների գործով ներկայացվել է վերաքննիչ բողոք: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Նշենք, որ 2014 թ. մարտի 4-ին ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մ. Մակյանի, քննության էր առել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Մ. Բաբայանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2013 թ. հոկտեմբերի 31-ի կայացրած քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման: Դատարանը, ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով, կայացրել է կազմակերպության հայցն ամբողջությամբ մերժելու մասին որոշում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մարտի 14-ին ՀՀ վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրանքով բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թ. մարտի 4-ի որոշումը, ընդունել նոր դատական ակտ, վերացնել ՀՀ ՀՔԾ քննիչ Մ. Բաբայանի հոկտեմբերի 31-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի եւ երիտասրդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը yerkir.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում սպառնալիքներ էր հնչեցրել Զարուհի Փոստանջյանի եւ նրա հարազատների հասցեին: Հոկտեմբերի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել, որում նշվում էր, որ Խաչիկ Ասրյանի հնչեցրած սպառնալիքները ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներով պատասխանատվություն է առաջացնում: 2013 թ. հոկտեմբերի 31-ին քննության առնելով կազմակերպության ներկայացրած հաղորդումը ՀՀ ՀՔԾ հատկապես կարեւոր գործերով քննիչ Մ. Բաբայանը կայացրել էր քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, հանցակազմի բացակայության հիմքով: