Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել, որովհետեւ «նա ասում է բաներ, որոնք ապագայում իրականություն են դառնում»: Այս մասին այսօր` մարտի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ՀՀՇ անդամ Ալեքսանդր Արզումանյանը` անդրադառնալով Ժիրինովսկիի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանա Ռուսաստանին:
«Ժիրինովսկին կլոուն է, սակայն նրա խոսքերը պետք է լուրջ ընդունել, պետք է զգույշ լինել: Նա բարձրաձայնում է բաներ, որոնք ապագայում մեզ կհրամցնեն: Այնպես որ Հայաստանի իշխանություններն ամենայն լրջությամբ պետք է վերաբերվեն ռուս քաղաքական գործչի հայտարարություններին»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին, ռուսական Русская Служба Новостей-ի հետ զրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել էր. «Հյուսիսային և Հարավային Օսիան մեկ ազգ են և կարող են միավորվել ու ավտոմատ կերպով մտնել ՌԴ կազմ: Իսկ ԼՂՀ-ի հարցում չի հաջողվի պայմանավորվել: Լավագույն տարբերակը այն նույնպես ՌԴ կազմում ընդգրկելն է: Այդ ժամանակ հայերը չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն հաշտվել այդ մտքի հետ»:



























