Երեւան-Ապարան մայրուղու վրա երթեւեկությունը կաթվածահար է։ Կարբի ձորում կառուցվող ՀԷԿ-ի դեմ բողոքող Արագածոտնի մարզի յոթ գյուղերի մի քանի հարյուր բնակիչներ մեկ ժամից ավելի փակ են պահում մայրուղին՝ պահանջելով հեռացնել ՀԷԿ-ի կառուցման համար բերված տեխնիկան եւ խողովակները։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանների թիվը գնալով մեծանում է։ Տեսնելով, որ փոքրաթիվ ուժերով չեն կարողանում գյուղացիներին հեռացնել ճանապարհից, ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է բերել։ Քիչ առաջ մայրուղու փակված տարածք են գնացել կարմիրբերետավորները։
Գյուղացիները թույլ են տալիս, որ մայրուղով անցնեն միայն հիվանդներին տեղափոխող մեքենաները։ Նրանք պահանջում են, որ մարզպետը տեղում՝ լրագրողների մոտ խոստանա, որ խողովակները հենց այսօր դուրս կհանվեն տարածքից՝ հիշեցնելով, որ նա խոստացել էր դեռ երկու օր առաջ դա անել, ու հիմա նրա խոստումներին իրենք չեն հավատում։
Գյուղացիներին աջակցելու են գնացել նաեւ բնապահպաններ Երեւանից։
Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակիչները։ Նրանք մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։





Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























