Երեւան-Ապարան միջպետական նշանակության մայրուղին փակելուց մոտ երկու ժամ անց ոստիկաններին դեռ չի հաջողվում ճանապարհից հեռացնել Արագածոտնի մարզի 7 գյուղերի հարյուրավոր բնակիչներին, որոնք պահանջում են անհապաղ դուրս բերել Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման համար բերված տեխնիկան եւ խողովակները։

«Գլուխներս կախ մեր համբալի գործ անում ենք, սեւ հացի համար վաստակում, թողեք ապրենք: Երկու հատ ծառ ունենք, որ չորացնեք, ինչո՞վ պետք է ապրենք»,- Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ վրդովված վիճում են գյուղացիները, որոնք վստահ են, որ նոր ՀԷԿ-ը այնքան ջուր կվերցնի Ապարանի ջրամբարից, որ իրենց այգիները կչորանան։

Մարզպետը երկու ժամ գյուղացիներին համոզում է, որ ոչ մի լիտր ջուր ջրամբարից չի պակասի, եւ բնակիչները չեն տուժելու։ Սակայն բնակիչները ասում են, որ նրան չեն հավատում եւ պահանջում են զանգահարել ու կանչել վարչապետին.

«Եթե Չինաստանում ա, թող Չինաստանից գա, եթե Ճապոնիայում ա, Ճապոնիայից գա»,- ասում են գյուղացիները:

ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհհանիսյանը գյուղացիներին տեղեկացրեց, որ վարչապետն այժմ Հայաստանում չէ, իսկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը մեկ ժամից կլինի այնտեղ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկաններն այժմ մտել են մայրուղին փակած բնակիչների շարքերը եւ փորձում են համոզելով նրանց հեռացնել։

Ոստիկանները բարձրախոսով անընդհատ հայտարարում են, որ բնակիչները խախտում են հասարական կարգը, ու եթե չհեռանան, նրանց նկատմամբ կկիրառվեն ոստիկանական միջոցներ։

Գյուղացիներին Երեւանից աջակցելու մեկնած բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները ոստիկաններին հորդորում են ծառայել ժողովրդին, ոչ թե «հանցավոր իշխանությունը»:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարում են Արագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ  գյուղերի բնակիչները։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am