Ղրիմում անհայտ անձինք առեւանգել, հետո դաշտում են թողել «Ազատություն ռադիոկայանի» ուկրաինական խմբագրության լրագրող Լեւկո Ստեկային: Տեղի ունեցածի մասին վերջինս հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ նրա՝ ինքը Ղրիմում է հայտնվել մարտի 16-ին: Երեկ Բախչիսարայում անհայտ անձինք նրան դուրս են բերել ավտոբուսից, ձեռնաշղթաներ հագցրել, գլխին պարկ քաշել ու նետել են ավտոմեքենայի հետեւի նստատեղին: Դրանից հետո երկար ժամանակ վարել են մեքենան, իսկ հետո նրան նետել են դաշտում՝ խորհուրդ տալով այլեւս Ղրիմ չգալ, փոխանցում է «Ազատություն ռադիոկայանը»:
Լեւկո Ստեկան միայն որոշ ժամանակ անց է կարողացել հաղորդել, թե ինչ է իր հետ պատահել: «Միայն հիմա եմ քաղաքակրթությանը հասել: Ներեցեք, եթե ստիպել եմ անհանգստանալ: Ես ինքս էլ նման ջերմ ընդունելություն չէի սպասում»,-գրել է լրագրողը:


























