Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է մարտի 26-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձեւավորված վստահությունը եւ դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեակն օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (խարդախության փորձ, որը արվել է կաշառք ստանալու պատրվակով)  եւ 178 –րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերի (խոշոր չափերով կաշառք ստանալու պատրվակով կատարված խարդախություն)  հատկանիշներով: Առաջին նիստը նշանակված է մարտի 26-ին ժամը 14:30-ին: Դատավորն է Լեւոն Ավետիսյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: Նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»։

Ազատամարտիկներն ու ընդդիմադիր ուժերը դա քաղաքական հետապնդում են համարում, քանի որ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալությանը նախորդել էր նրա կողմից բողոքի ակցիաների կազմակերպումն Ազատության հրապարակում: