Հայաստանի բնակիչները գազի եւ էլեկտրականության հաշիվները կարող են ստանալ էլեկտրոնային փոստով: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, կառավարության նիստում նշել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի առաջարկած օրինագիծը քննարկելու ժամանակ:
Ընդդիմադիր պատգամավոր Բագրատյանն առաջարկել է փոփոխություններ կատարել «Հանրային ծառայությունների մասին» օրենքում, որով սպառողները պետք է ծանոթանան նախորդ ամսվա կոմունալ ծախսերի մասին: Իսկ որպեսզի կոմունալ օպերատորները չկարողանան փոփոխել հաշվիչների ցուցմունքները, հանել ու դնել կապարակնիքները, առաջարկվում է դա անել միայն սպառողի ներկայությամբ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ինքը կիսում է Բագրատյանի այն տեսակետը, որ սպառողները պետք է տեղեկացված լինեն իրենց հաշիվների մասին: Այդ առթիվ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման կանոնակարգով, բաժանորդը կարող է պահանջել հաշվի մասին տեղեկությունը՝ թղթային կամ էլեկտրոնային տարբերակով:
Առաջին դեպքում, փոստային ծախսերն ընկնում են բաժանորդի վրա, իսկ երկրորդ դեպքում՝ այն անվճար պետք է լինի:
Բացի այդ, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության կայքում բաժանորդները կարող են հավաքելով օգտատիրոջ կոդը, տեղեկանալ իրենց հաշվի մասին ոչ միայն ամսվա, այլեւ վերջին մեկ տարվա կտրվածքով: «ՀայՌուսգազարդի» կայքում նրան հնարավորություն դեռ չկա:




























