Թաիլանդում ռադարը «չճանաչված օդանավ» է հայտնաբերել Malaysia Airlines-ի վերջին ազդանշաններից մի քանի րոպե անց:

 «Չճանաչված օդանավը ռադարներին հայտնվել է տեղական ժամանակով 12:28-ին՝ MH370 չվերթի օդանավի անհետացումից 6 րոպե անց», -հայտնել է Թաիլանդի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Channel News Asia հեռուստաալիքը:

Ըստ զինվորականի՝ օդանավի ազդանշանը կտրտվում էր: Այն հյուսիս էր թեքվել եւ ռադարների էկրաններից վերջնականապես անհետացել Անդամանյան  ծովի վերեւում: Սակայն Թաիլանդը վստահ չէ, որ այդ օբյեկտը մալազիական  անհետացած օդանավն է:

Թաիլանդն իր ռադարների տեղեկության մասին չէր հայտնել, քանի որ օբյեկտը վտանգ չէր ներկայացրել երկրի համար: Տվյալները ներկայացվել են միայն Մալազիայի կառավարության հարցումից հետո՝ MH370 չվերթի անհետանալուց ինն օր անց:

Հիշեցնենք, որ 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ ունեցող օդանավի հետ կապն ընդհատվել էր մարտի 8-ին, երբ այն թռչում էր Հարավչինական ծովի վրայով: Boeing-777-ը Կուալա Լումպուրից Պեկին չվերթն էր իրականացնում: