Թուրքիայում «Մեծ կաշառք» գործողություններից հետո գաղտնալսված հեռախոսազրույցներ համացանց տեղադրող Başçalan անունով օգտատերը նոր ձայնագրություն է տեղադրել Թուրքական ավիաուղիների (THY) ներկայացուցիչ Մեհմեդ Քարաքաշի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհդական Մուսթաֆա Վարանքի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցներից։
Հեռախոսազրույցի ժամանակ Նիգերիա զենք տեղափոխող THY-ի պատասխանատուն հարցնում է Էրդողանի խորհրդական Մուսթաֆա Վարանքին. «Այսքան տեխնիկա եմ տեղափոխում։ Հիմա դրանք Նիգերիա են գնում։ Մտածմունքների մեջ եմ՝ դրանցով քրիստոնյաների՞ն, թե՞ մուսուլմաններին են սպանելու»։
Այդ ընթացքում Թուրքիայի վարչապետի խորհրդականը նշում է, թե մի քանի օրվա ընթացքում THY-ի ներկայացուցչին թեմայի հետ կապված տեղեկություններ կհաղորդի։
THY-ն այս գաղտնալսումների հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել՝ շեշտելով, թե իրենք զենք տեղափոխելու իրավունք ունեն, սակայն Նիգերիա զենք չեն ուղարկել։




























