«Dasaran.am» կրթական ծրագիրն արդեն հասանելի է նաեւ Վայոց ձորի գյուղական համայքների դպրոցների համար. մարզի 40 դպրոց միացել է «dasaran.am» կայքին:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Վայոց ձորի մարզ՝ տեղի գյուղական համայնքի դպրոցների 40 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Այն միտված էր օպերատորների, ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը: Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլեւ տեղում՝ համակարգիչների առջեւ, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաեւ  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաեւ ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

«Dasaran.am» կրթական ծրագիրը, որի առաքելությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստել Հայաստանում կրթության որակի բարձրացմանը, գործում է 2009 թվականից: Այն  հասանելի է արդեն Երեւանի եւ ՀՀ մարզերի ընդհանուր թվով 1000 դպրոցներում: Ծրագրի նպատակն է դյուրացնել  ուսուցիչ-աշակերտ-ծնող կապը, ինչպես նաեւ ամրապնդել որակյալ կրթության անհրաժեշտության եւ կարեւորության գաղափարը, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական եւ համահայկական ինտելեկտուալ մրցույթների եւ խաղերի միջոցով, ինչպես նաեւ ձեւավորել աշակերտների, ծնողների եւ ուսուցիչների հաղորդակցման հատուկ համակարգ եւ բարձրացնել դպրոցների գործունեության թափանցիկությունը»: