Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի 37-ամյա բնակիչ Արսեն Ա.-ն մեղադրվում է կնոջը սպանելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսի 6-ին ժամը 17:30-ի սահմաններում: Արսենը եղբոր տանը ընտանեկան անհաշտությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կնոջը՝ Լուսինե Դ.-ին սպանելու համար դիտավորյալ խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին, որովային առաջային պատին եւ վերին վերջույթներին: Լուսինե Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջիմիածնի հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ նույն օրը ժամը 23:00-ին մահացել է:

Արսեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում 8-15 տարի ժամկետով: Արսենը կալանավորված է եւ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա մարտի 26-ին: