Գյումրիում հումանիտար ճգնաժամ է: Երկրաշարժից անցել է 25 տարի, սակայն 3700 ընտանիք ապրում է տնակներում, իսկ մոտ 1000 ընտանիք` կիսափլուզված շենքերում, որտեղ տարրական կենցաղային պայմաները բացակայում են: Յուրաքանչյուր 2-րդ ընտանիքում հիվանդ տարեց կամ երեխա կա: Այս մասին այսօր, մարտի 19-ին, լրագրողներին ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը:

«Աղետի գոտին մեր իշխանությունների եւ ամբողջ Հայաստանի ամոթանքն է»,- ասաց նա։

Վահան Թումասյանի կարծիքով՝ քաղաքում կրթական եւ առողջապահական վիճակը բավարար է, քանի որ բնակչության թիվը նվազել է: Աղետի գոտու վերականգնումը, ըստ նրա, ենթադրում է աշխատատեղերի բացում, կանաչ տարածքների, մշակութային օջախների եւ բնակֆոնդերի վերականգնում, սակայն այս ուղղություններով որևէ աշխատանք չի տարվում, դեռ ավելին՝ վիճակն ավելի է վատանում:

Թումասյանը պահանջում է, որ իշխանությունները հստակեցնեն իրենց անելիքները` լուծելով աղետի գոտու խնդիրները, կամ հայտարարեն, որ չեն կարողանում լուծել, որպեսզի բնակիչները իրենք իրենց գլխի ճարը տեսնեն:

«Պետությունը թող հույսը կտրի, որ այդ մարդիկ արտագաղթելու են եւ իրենք ազատվելու են աղետի գուտու խնդրից»,- ասաց Վահան Թումասյանը:

Ըստ նրա՝ Գյումրիում միակ դրական բանը, որ կատարվել է վերջին տարիներին, նոր քաղաքապետն է:

«Նա բյուջեից փողեր չի գողանում, դրանք ծախսվում են քաղաքի համար, կաշառք չկա»,- ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը: