Վլադիմիր Պուտինի մարտի 18-ի ելույթը երկու նշանակություն ուներ՝ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական: Այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա՝ ՌԴ նախագահի ելույթն առաջին հերթին ուղղված էր իր քաղաքացիներին:

«Ռուսաստանը նման ելույթի կարիք ուներ:  20-րդ դարի 90-ականներին Ռուսաստանի բնակչությունն զգում էր, որ իրեն իր կայսերական պատմությանը համապատասխան չեն վերաբերվում: Սակայն այժմ այդպիսի ելույթը կարող է ժողովրդին համախմբել Ռուսաստանի հզորությունը վերականգնելու գաղափարի շուրջ», - ընդգծել է փորձագետը: Սաֆրաստյանը նշել է, որ Պուտինի ելույթը նպատակ է ունեցել նաեւ Արեւմուտքին ներկայացնել Ռուսաստանի դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Կրեմլում  Վլադիմիր Պուտինի ելույթը տեղի է ունեցել Պետդումայի պատգամավորների, Դաշնության խորհրդի անդամների, ՌԴ մարզերի ղեկավարների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջեւ: Այն կապված էր ՌԴ-ի կազմին Ղրիմի Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի միացման հետ: