Արա Շիրազը այն մարդկանցից մեկն էր, ով մեծ հետք թողեց հայ կերպարվեստի եւ քանդակագործության պատմության մեջ: Այդպիսի մարդիկ ոչ թե հեռանում են, այլ հավերժական անունով մնում արվեստի պատմության մեջ։ Այս մասին NEWS. am –ի հետ զրուցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։
«Նման դեպքերում առաջ նայելով հարց է առաջանում` ով է գալիս նրանց փոխարինելու… թույլ տվեք ասել, որ այս հարցի պատասխանն ինձ տխրեցնում է: Ես չեմ տեսնում արժանի անուններ, որոնք կարող են փոխարինել այն կորուստներին, որոնք մենք ունեցանք վերջին տարում: Արա Շիրազի մահը մեծ կորուստների շարքից է: Նրա անունը հավերժ վառ կմնա»,- ասաց Կարեն Աղամյանը։
Քանդակագրոծ Լևոն Թոքմաջյանը Արա Շիրազին բնութագրում է որպես իրենց սերնդի լավագույն քանդակագործներից մեկը. «Վստահաբար եմ ասում` լավագույններից էր, որովհետեւ նա իր ստեղծած արվեստով նոր խոսք բերեց` զգացմունք, հույզ եւ միայն իրեն բնորոշ քանդակագործության ֆորմա: Ես խորապես ափսոսում եմ, որ այդպիսի քանդակագործը մեզանից հեռացավ: Նա լավագույն գործեր թողեց: Որպես քանդակագործ եմ ասում` անգնահատելի է նրա ստեղծած Պարույր Սեւակը, որն այսօր կարծեմ Ազգային պատկերասրահում է: Գիտեք՝ ամեն քանդակագործ իր նախասիրած թեման ու ֆորման ունի: Ես տարիներ շարունակ ուզել եմ Սեւակ կերտել, բայց այսօր անկեղծորեն կասեմ` այնպիսի Պարույր Սեւակ, ինչպիսին Շիրազը կերտեց. մեզանից ոչ ոք չէր կարող անել»։
Հիշեցնենք որ քանդակագործը ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել 2014թ. փետրվարի 24-ին: Բժիշկներն ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, զարգացել էր պոլիօրգանային անբավարարություն: Նա մահացել էր մարտի 18-ին։
ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը (Արամազդ Հովհաննեսի Կարապետյան) 20-րդ դարի հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին էր։ 1966թ. ավարտել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը, 1987-1993 թթ. ղեկավարել Հայաստանի նկարիչների միությունը։
Քանդակագործի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա զավակների ԱՄՆ-ից վերադառնալուց հետո:





























