Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը թալանողները դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մոտ երկու ամիս է անցել դեպքից, սակայն որեւէ նորություն չկա: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված ՔՕ-ի 177-րդ հոդվածի հատկանիշներով, նախաքննության երկամսյա ժամկետն էլ երկարացվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ թալանել են Հանրապետական պատգամավոր Նաիրա Կարապետյանի՝ Գյումրիում գտնվող պապական տունը։ Այս մասին NEWS.am-ին ասաց պատգամավորը։ «Պապական տուն է։ Ես այնտեղ եմ մեծացել, եւ մինչեւ հիմա այնտեղ եմ գրանցված։ Պապիկիս մահվանից հետո տունը փակ էր։ Հայրս պարբերաբար այցելում է, վերջին անգամ մի քանի օր առաջ է գնացել ու հայտնաբերել, որ ամբողջ ունեցվածքը տարել են»,- պատմել էր Նաիրա Կարապետյանը։ Տնից գողացել էին զարդեր, նկարներ, գորգեր, սպասք։