Երեւանի Ահարոնյան փողոցի 43-ամյա բնակիչ Արթուր Հ.-ն մեղադրվում է ծնողներին ծեծի ենթարկելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերի 22-ին: Արթուրը վիճաբանության մեջ է մտել ծնողների՝ Ալբերտ Հ.-ի եւ Նազանի Խ.-ի հետ, որի ժամանակ ծեծի է ենթարկել հորը՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածքներ: Բացի դրանից օրեր անց՝ նոյեմբեր 25-ին, Արթուրը վիճել է մոր հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրը ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով թեթեւ մարմնական վնասվածք:

Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է մարտի 27-ին: